Հայերեն Русский English


Հարցազրույց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հետ

Պարոն Գալստյան, կառավարությունն այս տարի էլ որոշեց սուբսիդավորել գյուղացիներին պարարտանյութ և դիզվառելիք հատկացնելու ծրագիրը:

 Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, մատչելի պարարտանյութն ու դիզվառելիքը բաժին են հասնում խոշոր հողատերերին, ովքեր ամենևին դրա կարիքը չունեն: Ի՞նչ է անում կառավարությունը` վերահսկելու այս գործընթացը:

 

 

 

 

ՀՀ կառավարությունը վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտին. ոլորտը հռչակվել է գերակա: Այս ուղղությամբ կառավարության կողմից մի շարք ծրագրեր են իրականացվում: Նախկինում գյուղացիական տնտեսություններն ստանում էին տարեկան 24 և ավելի տոկոսով վարկեր: Այսօր գյուղացիական տնտեսությունները հանրապետության բոլոր համայնքներից ստանում են վարկեր` մինչև 3 մլն դրամ, 2 տարի ժամկետով, տարեկան 10 տոկոս վճարում է գյուղացին, 4 տոկոս սուբսիդավորում է պետությունը: Հանրապետության 225 համայնքներում 8 տոկոս վճարում են գյուղացիները, 6 տոկոս սուբսիդավարում է պետությունը: 2012 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ 30 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկեր հատկացվել են 42 հազար գյուղացիական տնտեսություններին:

 

Կառավարության կողմից սերմերի հատկացման ծրագրի շրջանակներում մարզպետարաններից ստացված հայտերի հիման վրա մենք պետք է գարնանացանի համար ներկրենք և տեղական սերմարտադրողներից գնենք 850 տոննա գարի, որից 700-ը ներկրելով, 150–ը` տեղական սերմարտադրողներից: Այսօրվա դրությամբ ներկրվել է և տեղական սերմարտադրողներից մարզերին հատկացվել 650 տոննա գարու սերմացու, 180 տոննա կորնգանի սերմացու, մնացած բոլոր սերմերը բարձված են ավտոմեքենաները, այսօր վերջին խմբաքանակը դուրս կգա ՌԴ Ռոստովի տարածաշրջանից: Մինչև շաբաթվա վերջ բոլոր սերմերը կհատկացվեն մարզերին: Կառավարությունը ներկրվող սերմացուի 60 տոկոսը թողել է գյուղացիական տնտեսությունների վրա, 40 տոկոսը սուբիսիդավորել է: Այսինքն` մեկ կիլոգրամ գարնանացան գարին նստում է 330 դրամի սահմաններում, գյուղացիները վճարում են 200 դրամ, առվույտը նստած է շուրջ 2500 դրամ, գյուղացիական տնտեսություններին հատկացվում է 1500 դրամով, կորնգանի սերմացուն 625 դրամ է կազմել, սակայն գյուղացիական տնտեություններին հատկացվում է 370 դրամով, եգիպտացորենը 583 դրամ է, գյուղացիները վճարում են 350 դրամ:

 

2012 թվականին կառավարության որոշմամբ գարնանը և աշնանը գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 30 հազար 700 տոննա պարարտանյութ: Մեկ պարկը գյուղացիներին վաճառվել է 6000 դրամով` հասցնելով մինչև համայնք, գյուղացուն: Մեկ լիտր դիզելային վառելիքը մինչև համայնք հասցվել է 350 դրամով: Նախորդ տարի գարնանն ու աշնանը հատկացվել է 21 մլն 530 հազար լիտր դիզվառելիք: Այս տարվա գարնան համար նախատեսվել է ավելի քան 31 հազար տոննա պարարտանյութ, 17 մլն 453 հազար լիտր դիզվառելիք: Բաշխումն ընթացքի մեջ է: Ամեն օր այս թվերը զեկուցվում են գյուղատնտեսության և տարածքային կառավարման նախարարներին: Պարարտանյութի համար սահմանված է չափաքանակ` մինչև 1 տոննա: Մեկ տոննայից ավելի ոչ ոք չի կարող ստանալ: Գյուղապետարաններում կան բաշխացուցակներ, թե ովքեր են վճարում պարարտանյութի համար և ստանում այն, դիմացը գրվում է անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, ստորագրությունը: Պարարտանյութի և դիզվառելիքի մատկարարման աշխատանքները կառավարության որոշմամբ սահմանված է ավարտել մինչև հունիսի 30-ը:

 

Գյուղացիները հաճախ դժգոհում են, որ մեկ պարկը 6000 դրամով պարարտանյութը ոչ բոլորին է հասնում, ստիպված թանկ գներով են ձեռք բերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

 

Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Հայաստանում պարարտանյութի առավելագույն գինը 4 տարի առաջ հասել է լավագույն դեպքում 11-12 հազար դրամի: Այսօր հանրապետության շուկայում շատ դժվար է վաճառվում պարարտանյութը, որովհետև գյուղացիներին մենք համայնքներում կարողանում ենք հասցնել սուբսիդավորված պարարտանյութի քանակները:

 

Դուք մարզերում այդ մասին ընդհանրապես դժգոհություններ չե՞ք լսել գյուղացիներից:

 

Բացարձակապես ոչ, հիանալի է իրականացվում: Կառավարության կողմից ծրագրի մասշտաբները, ներկրման ծավալները բարձր են: Տարեկան Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է ընդամենը 35-40 հազար տոննա պարարտանյութ: Կառավարությունը տարեկան պահանջի գրեթե 90 տոկոսն ապահովում է, և դրանից օգտվում են հատկապես մանր գյուղացիական տնտեսությունները: Այս տարի մեկ համայնքում լսել էինք, որ 6300 դրամով փորձ էր արվել պարարտանյութ վաճառել որոշ գյուղացիների, նույն պահին մենք արձագանքել ենք, և այդ գործընթացը տեղում կանխվել է, 300 դրամները հետ են վերադարձվել գյուղացիներին: Սա պայմանավորված է եղել կայարանից մինչև գյուղ իբր թե փոխադրման աշխատանքների համար: Բայց մենք կայարանից ինքներս ենք պարարտանյութը հասցնում համայնք: Հանրապետության այլ համայնքներից մենք ահազանգեր չենք ստացել, շատ են խոսում, հատկապես մամուլն է խոսում, լավ արած գործի մասին էլ են խոսում: Խոշոր հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսությունները, եթե կցանկանան, շուկայական գներով կարող են իրենք ձեռք բերել պարարտանյութ: Իսկ այսօր շուկայում պարարտանյութի մեկ պարկն առավելագույնը 8000 դրամով է վաճառվում:

 

Գյուղատնտեսական հարկերի մասով ի՞նչ վիճակ է, հայտնի է, որ շատ գյուղացիներ բարձր տոկոսադրույքների պատճառով ժամանակին չէին կարողացել մարել պարտքերը:

 

Այն գյուղացիական տնտեսությունները, որոնք նախկինում վարկեր էին վերցրել տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով, լուրջ պրոբլեմների առաջ կանգնեցին: Ովքեր պարտքեր ունեին, շատ դեպքերում բանկերը վարկավորում չէին իրականացնում, բայց ծրագիրը շարունակական է նաև այս տարվա համար: Ապրիլի 1-ից արդեն ծրագիրը գործում է, որը բավական նպաստավոր իրավիճակ է ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի գարնանն ու աշնանն իրենց աշխատանքները կազմակերպեն:

 

Պարոն Գալստյան, նախորդ տարի «էլիտար» սերմացուի հետ կապված խնդիրներ եղան, հատկապես Արմավիրում բողոքներ կային, որ ցորենը չէր աճել: Ի՞նչ երաշխիքներ կան, որ նույնը չի կրկնվի այս տարի:

 

«Էլիտար» սերմացուն հատկացվում է խոշոր հողատերերին, սա սոցիալական օգնություն չէ, սա ծրագիր է: Էլիտային սերմացու ներկրելով` մենք արտադրում ենք առաջին վերարտադրության սերմացու` գյուղացիներին տալու համար: Առաջին տարին տրամադրվել է 15 և ավելի հա հողատարածք ունեցողներին` 146 շահառուների: Երկրորդ տարին տրամադրվել է 255 շահառուների` 7 և ավելի հա հողատարածք ունեցողներին: Խոշոր հողատարածքներ հիմնականում ունեն Սյունիքն ու Գեղարքունիքը: Մնացած մարզերը խոշոր հողատարածքներ չունեն: «Էլիտար» սերմացուն տրվում է պարտադիր չափորոշիչների պահպանման դեպքում: Այսինքն` այդ հողում ցորեն պետք է ցանված չլինի, պետք է պարարտացվի, քիմիական քաղհան իրականացվի, գրանցամատյան վարվի: Ծրագրում ընդգրկված գյուղացիները շատ լավ գիտեն, որ իրենք պետք է պարտադիր կարգով ստացած 1 կգ «էլիտար» սերմացուի դիմաց բերքահավաքից հետո վերադարձնեն 2 կգ առաջին վերարտադրության սերմացու, որպեսզի մենք կարողանանք հատկացնել մանր գյուղացիական տնտեսություններին: Պայմանագիրը ֆորս մաժոր չի պարունակում, և խոշոր հողատերերը պարտադիր կարգով պետք է կամ սերմացուն վերադարձնեն, եթե ցանքերի վիճակը տարբեր պատճառներով լավ չի լինում, ապա նրանք պարտավոր են վերադարձնել գումարը, որպեսզի մենք կարողանանաք այդ գումարներով ապահովել ծրագրի շարունակականություն: Կային որոշ շահառուներ, որոնք սերմացուն չվերադարձրեցին: Նախորդ տարվա սերմացուները Սյունիքում, Լոռիում, Շիրակում բոլորը հետ են վերադարձրել, չի վերադարձվել Գեղարքունիքի տարածաշրջանից, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արագածոտնի որոշ համայնքներից, որտեղ բնակլիմայական տարբեր պատճառներով կայուն բերք չի ստացվել: Մեզ համար միևնույն է, սերմացուն չեն ապահովել, բայց պայմանագրով նախատեսված պարտավորությունները պետք է վերականգնեն:

 

Իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ պայմանագրով ֆորս մաժորային իրավիճակները հաշվի առնվեին, չէ՞ որ մարդիկ մեղավոր չեն, որ կարկուտ է տեղում:

 

Ոչ, մի ընդգրվեք ծրագրում: Դեռ զրո աստիճան չարձանագրված, ասում են` զրո աստիճան եղավ, ցուրտը տարավ: Մի տեղ կարկուտը տարել է 100 տոկոսով, մյուս տեղը 1 տոկոսով, 5 տոկոսով, բայց իրենք ասում են` բերքն ամբողջությամբ տարավ: Այս ծրագիրը հստակ, ամուր ծրագիր է` սերմնաբուծությունը զարգացնելու համար, ովքեր չեն ցանկանում, թող չմտնեն ծրագիր:

 

Գյուղացիները նաև ասում էին, որ սերմացուն անորակ է:

 

Նման բան չկա, սերմացուի օրիգինալները պահպանված են տեղում, առանց փաստաթղթի սերմացու չի ստացվում:

 

Իսկ ի՞նչ պատիժ է նախատեսվում սերմացուն չվերադարձրած խոշոր հողատերերի նկատմամբ:

 

Կառավարությունը որոշակի մեղմման քաղաքականություն է իրականացնում այս օրերին: Սերմերի գործակալությունը պաշտոնական նամակով դիմել է իրենց, իրենք պետք է գնան վճարումները կատարելու: Ովքեր չեն վճարի, հապատասխան գործընթաց կսկսվի: