Հայերեն Русский English

<< Prev 1 2 Next >>

Շնորհավոր մարտի 8

Սիրելի գյուղատնտեսության ոլորտի կանայք:
Ի սրտե շնորհավորում ենք  Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և կյանքում:
Թող ժպիտն ու գարնանային տրամադրությունը ուղեկից լինի Ձեզ:


Լավագույն ցանկություններով`

 Ագրոաշխատողների արհմիություն

ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համաժողով

 ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համաժողովը կայացավ՝ 2017 թվականի փետրվարի 24-ին, Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Համաժողովին մասնակցում էին ՃՀՄ 50 պատվիրակներից՝ 44-ը և հրավիրված գործընկերներ: Համաժողովին  ներկա  էին  ՀԱՄԿ-ի  նախագահ՝ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ՝ Աշոտ Հարությունյանը, IUF միջազգային կազմակերպության գյուղատնտեսության ոլորտի համակարգող՝ Սվետլանա Բոինչանը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող՝ Լիանա Բադալյանը, Հայաստանի ջերմատնային ընկերությունների ասոցիացիայի նախագահ՝ Պողոս Գևորգյանը:

 Շնորհավորական ուղերձ էին հղել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների, Հայաստանի Առևտրի, Հայաստանի Թեթեվ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների, Հայաստանի ԲՈՒՀ–երի արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միությունները:

 Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՃՀՄ նախագահ՝ Հասմիկ Ջհանգիրյանը, վերստուգիչ հանձնաժողովի  նախագահ՝  Լևոն  Հարությունյանը, երիտասարդական խորհրդի նախագահ՝ Վահան Կոբելյանը, կանանց խորհրդի անդամ Վարդուհի Բրուտյանը:

  

 Ելույթ ունեցան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, որը անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին և բարձր գնահատեց արհմիության դերակատարումը  դրանց լուծման  գործում, մատնանշեց ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության  և Ագրոարհմիության  միջև կնքված սոցիալական գործընկերության հուշագիրը , որը պարտավորեցնում է կողմերին համատեղ ջանքեր գործադրել  ոլորտի աշխատողների   սոցիալ տնտեսական կարգավիճակը բարելավելու համար: ՀԱՄԿ-ի նախագահ՝ Էդուարդ Թումասյանը, իր ելույթում կարևորեց, որ թեև Արհմիությունների գործունեության մասին  հասարակությունը հաճախ քիչ է տեղեկացված,  սակայն, ՀԱՄԿ-ը մեծ ներդրում ունի ՀՀ օրենսդրական փոփոխությունները ի շահ աշխատողի կատարելու ուղղությամբ և աշխատանքային իրավունքները ներկայացնելու պաշտպանելու գործում:

    

 Ելույթ ունեցան նաև  Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի  ծրագրերի համակարգող՝Լիանա Բադալյանը, Ջերմատնային ընկերությունների ասոցիացիայի նախաագահ՝ՃՀՄ գործընկեր Պողոս Գևորգյանը, մի շարք պատվիրակներ և հյուրեր:

      

       

        

        

Համաժողովը հաստատեց 2017-2022 թթ. աշխատանքային ծրագիրը, հանրապետական խորհրդի,  նախագահության, վերստուգիչ  հանձնաժողովի  կազմերը:

Միության  նախագահ վերընտրվեց՝ Հասմիկ Ջհանգիրյանը:

Փոխնախագահ՝ Տիրուհի Նազարեթյանը:

 

ՀՀ Գյուղատնտեսության Նախարարությունն ու Ագրոարդի ճյուղային հանրապետական միությունը հուշագիր են ստորագրել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եվ ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հուշագիր են ստորագրել

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերության հուշագիր: 

 Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման և շուկաների ձևավորման խնդիրների լուծմանը:

 

 «Մեր նպատակն է այս հուշագրով ստեղծել մի հարթակ, որի միջոցով գյուղացիական տնտեսությունները կկարողանանան դիմել և ստանալ իրավաբանական աջակցություն: Հուսով եմ, այն կնպաստի գյուղացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը և իրավական դաշտում նրանց իրավունքների պաշտպանությանն ու խնդիրների լուծմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

 Նախարարն իր խոսքում ընդգծել է Ագրոարհմիության հետ հաջողված համագործակցությունը փոքր ջերմոցային տնտեսությունների ոլորտում: 
 Հասմիկ Ջհանգիրյանն իր հերթին վտահություն է հայտնել, որ գյուղացիներին հուզող խնդիրների լուծումն առավել նպատակահարմար է իրականացնել սոցիալական գործընկերության շրջանակներում:

 

 «Մենք շատ ենք կարևորում սույն հուշագրի ստորագրումը, քանի որ կարծում ենք, որ երկու կողմերի փոխհամաձայնեցված աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն: Երկար տարիներ աշխատելով գյուղացիական ոլորտի ներկայացուցիչների հետ` մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ագրոարհմիության միջև համագործակցության անհրաժեշտությունն արդեն հասունացել էր», – հավելել է Հասմիկ Ջհանգիրյանը:

 

 Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև համատեղ խորհրդակցություններ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ ուղղված ոլորտի աշխատողների շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, արհմիութենական միությունների, հիմնադրամների հետ և այլն:

ՀՀ ԳՆ-ում լոլիկի իրացմանն առնչվող հարցերի քննարկում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին  Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը,  ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

  Խորհրդակցության մասնակիցները քննարկել են  լոլիկի իրացմանն առնչվող հարցեր:

 

  Պողոս Գևորգյանի խոսքով՝  այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն  դիմելուց հետո ներկրումները դադարել են,  մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված  լոլիկ այլևս չկա,   առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:

 

  Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը  մշտապես գտնվել է պատկան մարմիների  ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ,  և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: 

 

  ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար: 

 

  Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում:

 

  «Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և  լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին,  որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,-նշել է նախարար Առաքելյանը:

 

  Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաև դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները:

2016 Ագրո նկարներ

2016 Ագրո նկարները կարող եք դիտել այստեղ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ

Շնորհավորում եմ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:

Յուրաքանչյուր տոն առիթ է,  որպեսզի ասենք ամենաջերմ խոսքերը այն մարդկանց, որոնք կերակրում են մեզ,  ապահովում  հացով, մսով, կաթով, մրգերով և բանջարեղենով:

Ձեր և մյուսների աշխատանքից է կախված ոչ միայն յուրաքանչյուր  ընտանիքի,  այլ նաև ամբողջ երկրի սննդամթերքի անվտանգությունը: Մեր ոլորտի աշխատողներնանում են գրեթե անհնարինը: Բնությունը ամեն տարի գյուղոլորտի աշխատողներին նոր դժվարություններ է բերում, բայց շնորհիվ նրանց նվիրվածության, քրտնաջան և լարված աշխատանքի՝ այսօր գյուղատնտեսությունը ձգտում է լինել առաջատար ոլորտ, պահպանել կայուն զարգացում և տնտեսական աճ:

Կրկին շնորհավորում եմ և մաղթում նորանոր ձեռքբերումներ ուհաջողություններ:

 

ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝                      ՀԱՍՄԻԿ  ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Հանդիպում –Սեմինար հոկտեմբերի 14-ին

Հանդիպում –Սեմինար

Հոկտեմբերի 14-ին Գյուղատնտեսի օրվան ընդառաջ  Ագրոարդի համակարգի աշխատողների Մարտունու տարածքային կազմակերպությունում  անցկացվեց  սեմինար և աշխատանքային  հանդիպում տարածքային արհմիության անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև անհատ ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվեցին ՀՀ ԱՕ փոփոխությունները և հիմնական խնդիրները, որոնք ծագում են աշխատանքային հարաբերություններում, քննարկվեցին արհմիության միջոցով դրանց լուծման  մեխանիզմները:

ՃՀՄ նախագահ Հ. Ջհանգիրյանը և Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Արմինե Մանուկյանը խոսեցին սննդամթերքի անվտանգության, օգտագործվող պարարտանյութերի և աշխարհում ընթացող տենդենցների մասին:

Ներկաների կողմից բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը  կաջակցի  Ճյուղային Հանրապետական Միությունը` պատկան մարմիններին դիմելու միջոցով: